«Ադրբեջանցի փախստականներին» իրենց համառությամբ ու հետևողականությամբ ալիևյան կլանը կարող է և մի օր լցնել Հայաստան ու Հայաստանը վերածել «Արևմտյան Ադրբեջանի»

53


Lragir.am-ի զրուցակիցն է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը

Տիկին Ավագյան, Ալիևը խոսում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ հայտարարելով, թե «ադրբեջանցիները» վերադառնալու են Հայաստան։ Ի՞նչ «փախստականների» մասին է խոսքը, ի՞նչ վտանգ կա այս գործընթացում։

Ալիևը «Արևմտյան Ադրբեջանի» մասին կեղծ ու ագրեսիվ գաղափարը հնչեցնում է վաղուց, ես համացանցում հանդիպել եմ այդ թեմայով «պատմագիտական» հոդվածների վաղուց, մինչև 2018-ը: Իլհամը հիմա ոչ թե պարզապես բարձրաձայնում է երկու կեղծ թեզեր` «Արևմտյան Ադրբեջանի» կամ «ադրբեջանցի փախստականների» վերադարձի մասին, այլ ներկայացնում է այդ երկու կեղծ թեզերի համադրումը: Իլհամը «ադրբեջանցի փախստականների» վերադարձի մասին թեզը ժառանգել է իր հորից և այն իր նախագահության օրերին շատ «ստեղծագործական» միջոցներով անընդհատ զարգացրել ու պահել է ընթացքի մեջ ու ներկայացրել միջազգային կառույցներին ու քարոզել աշխարհին հնարավոր բոլոր ուղիներով: Հայկական իրականության մեջ գործել է հայության շահին դավադիր ընթացք: Արտաքին կառավարման մեջ ձևավորված հայկական ողջ իշխանական համակարգը, ողջ քաղաքական վերնախավը նույնիսկ արդեն 1991-ից՝ ՀՀ անկախացման պահից, ընդունել են ու ապա հարմարվել Արցախյան գոյապայքարի մասին ալիևյան պատկերացումների հետ: ՀՀ իշխանական համակարգի չորս բլոկներն էլ ավելի շատ ալիևական են, նույնիսկ 2020-ի պատերազմից հետո, քան, ասենք, Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը:

Իլհամը և դրանց կառուցած ողջ պետական համակարգը, անշուշտ, շարունակական բարձրաձայնում են կեղծ այդ հորինվածքի մասին`«ադրբեջանցի փախստականների», որոնց, անշուշտ, իրենց համառությամբ ու հետևողականությամբ ալիևյան կլանը կարող է և մի օր լցնել Հայաստան ու Հայաստանը վերածել «Արևմտյան Ադրբեջանի»: Նմա ն փորձ Թուրքիան արդեն ունի, երբ ողջ Եվրոպան ողողեց «փախստականներով», հենց Թուրքիան էլ այդ հարցում, որպես հավատարիմ դաշնակից, կաջակցի: Հարցնում եք, թե ի՞նչ «ադրբեջանցի փախստականների» մասին է խոսքը: Ալիևները խոսում են միլիոնի մասին, երբեմն-երբեմն խոսում են 1.2 մլն-ի մասին: Բայց ամենակարևորը, որ դրանք կարողացել են ֆիքսել ՄԱԿ-ում 600 հազար թիվը: Իսկ թրքահաճո հայկական իշխանությունները ոչ միայն չեն դիմադրել դրան, այլև հրաժարվել են անգամ խոսել հայ փախստականների մասին, ուր մնաց ՄԱԿ-ում գրանցեին: Հավանաբար, հենց այդ էին պահանջել 1992-ին արդեն Մինսկի խումբ մխրճված Թուրքիան ու, այնուհետև 1993-ին` «Գորշ գայլերը», որ այդ օրերից մինչ այսօր հայ փախստականների մասին խոսելու իրավունքը հայկական քաղաքական իշխանությունների ու վերնախավի համար «հարյուր կողպեքի տակ է»: Իսկ թե դա ինչի կարող էր բերել, մենք ահազանգել ենք բազում անգամներ (նաև այստեղ), ու ականատես ենք դարձել 2020-ի սեպտեմբերի 27-ից առ այսօր:

Հիմա Իլհամին թողնենք մեր հայադավ քաղաքական վերնախավի գրկում ու մի քիչ հետ նայենք՝ 1988 թվականի փետրվարի Սումգայիթ: Նույնիսկ ՌԴ նախագահն է վստահ, որ «этот конфликт начался не просто как межгосударственный конфликт и борьба за территории, он начался с этнического противоборства. Это тоже, к сожалению, факт, когда в Сумгаите, а потом и в Нагорном Карабахе были осуществлены жестокие преступления против армянского народа. Всё это в комплексе мы должны учитывать»: Այո, առաջին փախստականները ձևավորվել են 1988-ի փետրվարին Սումգայիթից` հայ փախստականները, այնուհետև 1988-ի գարուն-ամռանը հայերը փախստական դարձան, երբ փախան Շուշի քաղաքից ու Շուշիի շրջանից, Ակնայից, Վարանդայից, Կովսականից, Քարվաճառից, Քաշաթաղից, Քաշունիքից, հետո էլ 1988-ի նոյեմբերից՝ ողջ Ադրբեջանական ԽՍՀ-ի հայաբնակ տարածքներից՝ Գարդմանքից, Գանձակից, Բաքվից…

Իսկ առաջին «ադրբեջանցիները» հեռացել են Հայկ ԽՍՀ-ից 1988-ի նոյեմբերի վերջին`29-30-ին, այնուհետև 1989-ի ընթացքում, դրա մասին վկայում են ադրբեջանական վավերական ֆիլմերը, նաև անձամբ Հեյդար Ալիևը: Հայկական իշխանությունները և «Ղարաբաղ» կոմիտեն կարողացան ապահովել, որ «ադրբեջանցիները» հեռանան Հայկ ԽՍՀ-ից անվտանգ ու ապահով, առանց բռնությունների: 1989 թվականին Հայկական իշխանությունները միակողմանիորեն 14 500 «ադրբեջանական» ընտանիքների` որպես փոխհատուցում Հայաստանում թողած տների ու ունեցվածքի համար, վճարել են 70 մլն ռուբլի (մոտ 110 մլն ԱՄՆ դոլար): ՀԻՇԵՆՔ, որ այս ֆոնին ավելի քան 820 000 հայ փախստականներից և ոչ մեկը երբևէ Ադրբեջանից չի ստացել ոչ միայն փոխհատուցում, այլ այդ պետությունից փախել են մորթվելու անմիջական վտանգի տակ, ենթարկվելով տանջանքների, նսեմացման, կտտանքների…

Վավերագրական լուսանկարներ, թե ինչպես են հայերը հեռանում Սումգայիթից․

 

Վավերագրական լուսանկարներ, թե ինչպես են «ադրբեջանցիները» հեռացել՝ խաղաղ, ապահով, չծեծված, չմորթված, չբռնաբարված։ Հայկական ԽՍՀ-ից 1989-ին հեռացել են շուրջ 160 հազար «ադրբեջանցիներ»․

 

Այազ Մութալիբովի վկայությամբ՝ նաև 1991-ին Բաքուն որոշեց «մաքրել» ԼՂԻՄ-ի հողերը հայերից, հենց այդպես, իրենց պետք էին միայն ԼՂԻՄ-ի տարածքները: Դե արդեն հայերից «մաքրել էին» Նախիջևանը, Սումգայիթը, Շուշին, Գանձակը, Գարդմանքը, Բաքուն, թիրախը ԼՂԻՄ-ն էր: Ողջ ԼՂԻՄ-ը ռմբահարվում էր թրքացած Շուշիից, 1969-ին թրքացած Խոջալուից, Ակնայից, որտեղից և ինչպես որ ցեղասպան կովկասյան թուրքը կարող էր ոչնչացնել հային ու հայությանը: ԼՂԻՄ-ի դեմ պատերազմին ակտիվ ներգրավված էին, անկասկած, Շուշի քաղաքում ու Շուշիի շրջանում, Ակնայում, Վարանդայում, Կովսականում, Քարվաճառում, Քաշաթաղում, Քաշունիքում ապրող կովկասյան թուրքերը: Ցեղասպանությունը կանխելու ու հետ շպրտելու համար հայկական ազատագրական ուժերի առաջախաղացման արդյունքում ազատագրվեցին պատմական Շուշի քաղաքն ու Շուշիի շրջանը, Ակն/Աղդամը, Վարանդան/Ֆիզուլին, Ջրականը/Ջաբրայիլը, Քարվաճառը/Քելբաջառը, Քաշաթաղը/Լաչինը, Քաշունիքը/Կուբաթլուն, Կովսականը/Զանգելանը: Այս բնակավայրերում հաստատված Կովկասի թուրք կոմբատանտները ստիպված էին հեռանալ իրենց իսկ՝ ԼՂԻՄ-ի դեմ սկսած պատերազմի արդյունքում: ԼՂԻՄ-ի տարածքից հեռացան շուրջ 40 հազար կոմբատանտներ, իսկ ազատագրված յոթ տարածքներից շուրջ 305-310 հազար կոմբատանտներ: Այսպիսով, Հայկական ԽՍՀ-ից հեռացել են 160 հազար «ադրբեջանցիներ»` ստանալով փոխհատուցում: Իսկ ԼՂԻՄ-ից ու յոթ շրջաններից մոտ 350 հազար կոմբատանտներ: Հենց այս տեղահանվածների մասին են խոսել ալիևներն ու դրանց կառուցած ողջ պետական համակարգը, բայց աշխարհին այդ կոմբատանտներին ներկայացրել են որպես փախստական ու ներքին տեղահանված (հիմնավորումները տվել ենք նաև այստեղ) :

Հարցնում եք, թե ի՞նչ վտանգ կա այս գործընթացում, ասեմ, որ վտանգը հենց այն աղաղակող ԼՌՈՒԹՅԱՆ մեջ է, որ փախստականների շուրջ պահպանում են գործող իշխանությունները նույնիսկ հիմա: Ինձ ասում են, թե արտաքին կառավարումը այս հարցում այնքան հզոր է, որ ով էլ լինի հայկական իշխանական բուրգի գագաթին, ապա մեկ է` լռելու է փախստականների հարցում: Ահա թե որն է վտանգը, ընդ որում վտանգը ամեն օր մոտենում էր` արդեն 1992-ից, իսկ հիմա հորդում է, սպառնալով ոչնչացնել տարածաշրջանի հայությանն ու հայկականությունը, մեր պետականությունը:

Հայաստանը պաշտոնական մակարդակով ինչպե՞ս պետք է հակազդի այս ամենին։ Որքա՞ն փախստական ունենք, ինչպե՞ս պետք է նրանց հարցը նաև քաղաքական ասպարեզում օգտագործվի։

Ձեր հարցերին պատասխանելու համար նախ հակիրճ կասեմ, թե ինչ նամակներ ենք հղել միայն ներկա գործող ՀՀ վարչապետին` Սումգայիթի, Գանձակի, Բաքվի, Մարաղայի զոհերի հիշատակի օրերի արարողակարգի ընդունման խնդրանք, Արցախում Հակարի գետի շրջակայքում փախստականների քաղաքի կառուցման, Ադրբեջանում հայերի ջարդերի շուրջ ուսումնասիրություններ անցկացնելու և գնահատելու առաջարկներ, ՄԻԵԴ-ում և միջազգային դատարաններում հայ փախստականների շահերի  պաշտպանության գործընթացի առաջարկ, ու էլի առաջարկներ, որոնք լայնորեն առնչվում են հայ փախստականների իրավաքաղաքական հարցերին: Մեր այս բոլոր առաջարկներից միայն մեկն է իրողություն դարձել, որ 2019-ից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է Անդրկովկասի հայության ցեղասպանության ուսումնասիրության բաժին: Այսինքն, ձեր հարցին, թե «Հայաստանը պաշտոնական մակարդակով ինչպե՞ս պետք է հակազդի այս ամենին», ակնհայտ է, որ մեր առաջարկներին ընդառաջ գալով նաև։ Ու մեր մի կարևոր առաջարկի մասին էլ, որը ես հղել եմ ՀՀ վարչապետին առաջին անգամ 11.11.2021 թ.-ին: Այդ առաջարկը երրորդ անգամ հղել եմ 2022-ի դեկտեմբերին ու, ի վերջո, պատասխան ստացել եմ: Իհարկե, պատասխանը թերի է, կես-պատասխանն էլ տվել են պատահական, խնդրին անծանոթ և ընկալելու անընդունակ, չկամ չինովնիկներ: Ահա մեր այդ առաջակները`

  1. Անհրաժեշտ է, որ ՀՀ-ն  ունենա Փախստականների հարցերով հանձնակատար, ով կկարգավորի հայ փախստականների իրավաքաղաքական խնդիրները, նաև Արցախյան կարգավորմանը միտված միջազգային իրավական տիրույթում: Փախստականների հարցերով հանձնակատարը իր վրա կվերցնի Սփյուռքում Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների, Արցախյան երրորդ պատերազմից հետո, արդեն նաև` Արցախի Հանրապետությունից փախստականների  հետ կապերի հաստատումը և նրանց ներգրավումը տարբեր ծրագրերի մեջ` համագործակցելով Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի հետ: Փախստականների հարցերով հանձնակատարը սերտ կհամագործակցի ինչպես Սփյուռքի հանձնակատարի, այնպես էլ ՀՀ և ԱՀ ԱԳՆ-ի հետ:
  2. ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ստեղծել «Փախստականների, բռնագաղթվածների և տեղահանված անձանց հարցերի» օղակ:

Այս տարվա հունվարի կեսերին ինձ հասած նամակ-պատասխանի մեջ առաջին կետին որևէ անդրադարձ ընդհանրապես չկա, իսկ երկրորդ կետի կապակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը գրել է, որ իրեն ենթակա «նախարարությունը փախստականների, բռնագաղթվածների և տեղահանված անձանց հետ կապված հարցերի լուծումը կիրականացնի նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակում՝ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների և Միասնական սոցիալական ծառայության միջոցով, և այդ նպատակով նախարարությունում առանձին օղակի ստեղծումը գտնում ենք ոչ նպատակահարմար»։ Դուք պատկերացնում ե՞ք, ինչ են անում. 1988-1992 թթ. Հայաստան Ադրբեջանից մուտք գործած 420 հազար հայ փախստականներից, որոնցից շուրջ 361 500-ը  գրանցվել են Փախստականների հարցերի կոմիտեում, այսօր այդ թվից մնացել են և սպառնալիքով «ինտեգրվել» ու քաղաքացիություն են ստացել շուրջ 85 հազար փախստականներ, փախստականի կարգավիճակը պահպանել են ընդամենը 800 փախստականներ: Այսինքն՝ 1988-1992 թթ.-ին Ադրբեջանից փախած շուրջ 820 հազար հայ փախստականներից այսօր ՀՀ-ում ապրում են ընդամենը 85 800 փախստական (սա մինչև 2018-ը եղած թվերն են): Ավելացնեմ նաև, որ Արցախի Հանրապետությունում մինչև 2020-ի պատերազմը ապրում էին Ադրբեջանական ԽՍՀ-ից 30 հազար հայ փախստականներ: Նրանց շարքերը 2020 թվականի նոյեմբերին համալրեցին Արցախի Հանրապետությունից փախած շուրջ 30 հազար հայերը, որոնց կարգավիճակը, ըստ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի, հավասարեցված է փախստականի կարգավիճակին: Այսինքն՝ այսօր ՀՀ-ում ունենք շուրջ 116 հազար փախստական, բայց նրանց սոցիալ-տնտեսական հարցերով, ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, առանձին օղակ ստեղծել պետք չէ: Եկեք հիշեցնենք, որ նախարարի կարգավիճակը քաղաքական է, այսինքն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մակարդակով նույնիսկ մենք քաղաքական դաշտում զիջում ենք Իլհամին: Տեղին է ներկայացնել մի հակիրճ տեղեկատվություն կամ հիշեցում, ի՞նչ գիտեմ`հանկարծ ու պարզվի, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էլ Lragir.am-ի ընթերցող է, թող տեղեկանա, որ

  • 1989 թ. սեպտեմբերին Ադրբեջանում հիմնվեց իրենց տները հարկադիր թողած մարդկանց հետ աշխատող կոմիտե, որը 1993 թ. հունվարի 5-ին վերանվանվեց Փախստականների և հարկադիր տեղահանվածների պետական կոմիտեի, և այդ կոմիտեն այդ անունը կրում է մինչ օրս:
  • Հայկական ԽՍՀ վերադարձող հայերի ընդունման և տեղավորման պետական կոմիտեի հիմքի վրա 1990թ. դեկտեմբերին ձևավորվում է Փախստականների հարցերի  կոմիտեն: Մինչև 2005 թիվը այդ կոմիտեի անվանումն անընդհատ փոփոխում էին: 2005 թվին այդ օղակի անունից ջնջում են ՓԱԽՍՏԱԿԱՆ եզրույթը և անվանում Միգրացիոն   գործակալություն: Մինչ օրս մենք ունենք Միգրացիոն ծառայություն:  Իսկ ՄԱԿ-ի բնորոշմամբ «փախստական» եզրույթը որևէ առընչություն չունի միգրացիայի հետ:

Այսինքն, 2005 թ.-ին հայկական իշխանությունը վերջնական, մի քաղաքական հարված ևս տվեց հայ փախստականների խնդրին, անթաքույց ու ցինիկորեն ոտնահարեց ու շրջանցեց այն` պետական արտաքին ու ներքին քաղաքական ու սոցիալ-տնտեսական բոլոր ոլորտներում, նաև բանակցություններում: Ու այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի այս «լուսավոր» նամակ-պատասխանը կրկին բացահայտում է, որ ներկա իշխանությունները փախստականների հարցում շարունակում են դեռևս 2005-ին վերջնականորեն հաստատված ցինիկ, հակահայ ու հակապետական քաղաքականությունը: Իսկ առաջին առաջարկին չկա որևէ արձագանք…

Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների խնդիրը եղել է ու այսօր էլ մնում է առանցքային Արցախյան խնդրի հարցում: ՌԴ նախագահը «Վալդայ» ակումբի հավաքին 2020 թվականի հոկտեմբերի 22-ին խոստովանում էր, որ ուղիղ կապ է տեսնում 1988 թվականի փետրվարի Սումգայիթի ու 2020 թվականի սեպտեմբերի 27-ի միջև, ու նաև 1915 թվականի ու 1988 թվականի փետրվարի Սումգայիթի միջև, ու առաջարկում է այս ամենը դիտարկել համալիր: Ավելին, ՌԴ նախագահը 2020-ի նոյեմբերի 17-ին կրկին հիշատակելով Սումգայիթի մասին, ասում է, որ 1988-ի փետրվարի Սումգայիթի արդյունքն այն էր, որ Ղարաբաղը հռչակեց իր անկախության մասին: Այսինքն, ՌԴ նախագահը Արցախի ինքնորոշման քայլը  գնահատում է ցեղասպանությունից փրկության քայլ: Ահա թե ինչով է կարևոր Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների  գոյության հարցը: Հենց 1988-1992 թթ.-ին Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների հետ կատարված իրողությունները պետք է դառնան Արցախի Հանրապետության ճանաչման հիմք ու հենարան: Այն, ինչ կատարվում է այսօր շրջափակված Արցախի Հանրապետության՝ մեզ համար փրկված բեկորի հետ, միայն ու միայն վկայում է, որ հայկական քաղաքական 32-ամյա իշխանությունը որևէ առումով չի ծառայել Հայկական հարցին, ջանք չի գործադրել հայության դեմ անընդհատ տարվող ցեղասպանության կանխարգելման, Արցախի հարցի միջազգայնացման ու դրա ճանաչման համար:

Արցախից, Բաքվից, Սումգայիթից բռնագաղթած փախստականների գործերով ի՞նչ փոխհատուցումներ պետք է լինեն։ Օրինակ՝ կան հաշվարկներ, որ միայն Բաքվից բռնագաղթած հայերին պետք է Ադրբեջանը փոխհատուցի 100 մլրդ դոլար։ 

Ես վերևում ասացի, որ այդ հարցերը պարբերաբար բարձրացնում ենք իշխանության առաջ, առայժմ ապարդյուն: Որքա՞ն կգնահատվի փոխհատուցումը՝ անհրաժեշտ է համալիր փորձագիտա-մասնագիտական աշխատանք: Տարբեր հասարակական կազմակերպություններ տարբեր ժամանակներում որոշակի աշխատանք տարել են ու հաշվարկել, թե մոտավոր ինչ փոխհատուցում պետք է պահանջել: Հիշեցնեմ, որ միայն Բաքվում հայերը թողել են 110 հազար բնակարան (ըստ Այազ Մութալիբովի, 1988-ի նախօրեին Բաքվում ապրում էին 500 հազար հայեր), շատ քչերն են կարողացել փոխանակել: Գանձակում սեփական տներն ու բնակարանները հիմնականում չեն փոխանակել, շուրջ 12 հազար տուն: Մենք 2011-2012 թվականներին բարձրաձայնել ենք Ադրբեջանից ցեղասպանության վտանգի տակ փախստական դարձած հայ փախստականներին Ադրբեջանի բնական ռեսուրսների շահագործումից ստացված շահույթի բաժնեմասի վերադարձի մասին, մասնավորապես, BP-ի կողմից նավթի շահագործման արդյունքում ստացված փոխհատուցումը` ըստ մասնագիտական կարծիքի, 2012 թվականին հասնում էր 60 մլրդ-ի, իսկ  հիմա, արդեն 2023 թվականն է, այդ թիվը պետք է բավական աճեր: Այս հարցը բարձրացրել ենք նաև Երևանում տեղակայված դեսպանատներում հանդիպումների ժամանակ, և դեսպանները միշտ արձագանքել են, որ նման հարցերը պետք է հղել սեփական իշխանություններին: Ինձ համար անսպասելի էր, որ ՀՀ վարչապետը հայելային հակադարձելով Ադրբեջանի նախագահին այս տարվա հունվարի 11-ի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե Բաքվից, Սումգայիթից ու այլ տեղերից բռնագաղթած հայերի մարդահամար է իրականացնում, ու կոչ է անում տուժածներին դիմել իրենց գույքային իրավունքների պաշտպանության համար Հայաստանի համապատասխան մարմիններին (https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1213499422599231 2:54:30 -2:55:50): Իսկ որո՞նք են այդ մարմինները, չի պարզաբանում: Այս խնդրով պետք է հստակ պետական մոտեցում: Այսօր էլ ուշ չէ,  30-35 տարի ուշացումով հնարավոր է դիմել Միջազգային դատարան: Այսօր միայն ՀՀ-ն իրավունք ունի պետական մակարդակով Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների կողմից Միջազգային դատարան ներկայացնել կոլեկտիվ դիմում` Ադրբեջանից փոխհատուցում պահանջելու նպատակով:





Source link